Հայաստանը 20 մլրդ դոլարի նավթ և գազ ո՞ւնի

«Sputnik Արմենիա»-ն հաղորդել է, որ նավթի և գազի հանքաշերտեր են հայտնաբերվել Հայաստանում, սակայն նախորդ իշխանությունները դրա արդյունահանման համար միշտ խոչընդոտներ են ստեղծել: Այս մասին  Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասել է «Ինտեգրալ Պետրոլեում» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը։

Նրա խոսքով` ընկերությունն իշխանության հետ կնքած պայմանագրով 2012 թվականից Հայաստանում նավթ և գազ է փնտրում։ Հավաքվել և համակարգվել են ավելի վաղ իրականացրած հետազոտության նյութերն ու տվյալները։

Ե՛վ նավթ, և՛ գազ է հայտնաբերվել

«Մեր գործողությունների արդյունքում հայտնաբերվել է աշխատելու համար հեռանկարային 13 տարածք», – ասաց Պետրոսյանը։

Հետազոտությունները թույլ են տվել Արմավիրի մարզում (Հոկտեմբերյանի հանքավայր) հանքաշերտեր հայտնաբերել, որոշել նրա սահմաններն ու խորությունը։ Նախնական գնահատականներով` 15 մլրդ խմ ծավալ կա։

Ավելի ուշ` 2016 թվականին, ընկերությունը սկսեց նավթ որոնել։ Հայտնաբերվեցին Սևաբերդի և Հոկտեմբերյանի հանքավայրերը, այնուհետև ևս երկուսը` Շոռաղբյուրի և Մերձերևանյան։ Արդյունահանվող նավթի պահուստները, ընկերության գնահատականների համաձայն, կկազմեն 35.8 մլն տոննա և մոտ 250 մլն բարել։

«Մեր հայտնաբերած գազի և նավթի շահագործումը երկրին կարող է տալ շուրջ 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ վառելիք», – ասաց Պետրոսյանը։

Արդյունահանումը սկսելու դեպքում ընկերությունը պատրաստ էր պետությանը փոխանցել արդյունահանված նավթի և գազի 50%–ը։

Իշխանություններն արհամարհեցին գտածոն

Չնայած այս հեռանկարին, իշխանությունները, մասնավորապես, էներգետիկայի նախարարությունը, հետաքրքրություն չցուցաբերեցին։

Ինչպես պատմեց Պետրոսյանը, 2016 թվականի հունիսին ընկերությունը դիմել է Սերժ Սարգսյանին, նա խոստացել է օգնել։ Մեկ ամիս անց Պետրոսյանին զանգահարել է «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանն ու իր մասնագետներին ուղարկել «Ինտեգրալ Պետրոլեումի» տվյալները ստուգելու համար։

Մասնագետները հաստատել են ծրագրի հեռանկարային լինելը։ Արդյունքում ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Կարապետյանի հետ հետագա աշխատանքների համար, սակայն շուտով բոլոր շփումները դադարեցվել են։ Էներգետիկայի նախարարությունը, ըստ Պետրոսյանի, նույնպես սկսել է զերծ մնալ ընկերության ներկայացուցիչների հետ կապի դուրս գալուց` սպասելով արտոնագրի ժամկետի ավարտին։

Դեկտեմբերին ընկերությունը դիմում ներկայացրեց երկու տարով արտոնագրի ժամկետը երկարացնելու համար` հետախուզումը շարունակելու և ռեսուրսների ու նշված հանքաշերտերի պահուստների գնահատումն ավարտելու համար` նպատակ ունենալով անցնել ածխաջրածնի արդյունահանման հաջորդ փուլին։

«Փաստաթղթերն ու հաշվետվությունները նույնիսկ չէին ուսումնասիրվել և որևէ փաստարկներ չէր ներկայացվել։ Շոռաղբյուրի պահուստների վերաբերյալ մեր գնահատականներն ու հաշվարկները նույնպես հրաժարվել էին ուսումնասիրել», – ասաց Պետրոսյանը։

Խոչընդոտ

Պետությունն այդպես էլ «Ինտեգրալ Պետրոլեումին» չի ներկայացրել գազի հաշվարկային գինը, ինչը պետք է հիմք ծառայեր պայմանագրային բազայի համար արդյունահանումը սկսելու դեպքում։ «Նախարարությունը պետք է արձանագրեր դիմումն ու ուղարկեր այն Բնապահպանության նախարարությանը` գնահատական ստանալու համար։ Դա տեղի չունեցավ, մենք դատարան դիմեցինք` նրա գործողություններն ապօրինի ճանաչելու համար», – ասաց Եգանյանը։

Բացի այդ, նրա խոսքով, մերժման մասին վարչական որոշում չէր ընդունվել։ Իսկ եթե նման որոշում չկա, ապա դիմումն ավտոմատ կերպով պետք է հաստատված համարվի։

Դատարանի երկու հայցերն ուսումնասիրվում են։

Ընկերությունը հույս դրել է նոր իշխանությունների վրա

Նոր իշխանությանը ընկերությունն արդեն դիմել է` խնդրելով չեղարկել իրավական ակտերը, որոնք խախտումներով են ընդունվել։ Նոր նախարարը ասել է, որ հարցն «արդարացի» լուծում կստանա, սակայն մանրամասները հրաժարվել է լսել։

Պետրոսյանը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին` խնդրելով ուշադրություն դարձնել այդ «ամոթալի ապօրինությանը» և միջամտել ստեղծված իրավիճակին։

«Ինտեգրալ Պետրոլեում» ընկերությունը, Պետրոսյանի խոսքով, նավթագազային ոլորտում գործում է 2002 թվականից, մասնավորապես, Ռուսաստանում։

Նշենք, որ Հայաստանում նավթի և գազի որոնման լուրջ աշխատանքներ տարվել են անցած դարի կեսերից մինչև անցած դարի վերջ` 1947-1991 թվականներին։ Այդ ընթացքում 208 նավթահոր է հորատվել, սակայն հետախուզման արդյունքների սպասումները չեն արդարացվել։

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *