«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է – Ալեքսանդր Կոտտ

Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին է: Կինոնկարի հիմքում  մի մարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա: Տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին` նա լքում է իր ռուս ընկերուհուն և վերադառնում Հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքի անդամներին:

Կինոժապավենը նվիրվում է երկրաշարժի  30-րդ տարելիցին:

«Նկարահանումներ ենք իրականացրել Մոսկվայում, Երևանում, Աշտարակում, Դիլիջանում: Գրեթե երեսուն օր են տևել դրանք: Ուսումնասիրել ենք 1988ի ժամանակագրությունը, ծանոթացել ենք վավերագրությանը, հսկայական  քանակով լուսանկարներ ենք դիտել` փորձելով վերարտադրել իրականությունը դեկորացիաների միջոցով», – նշել է ռեժիսորը:

Ալեքսանր Կոտտը շեշտել է, որ ֆիլմում փոքրիկ Անուշի կերպարի միջոցով, ով հավատում է հրաշքի գոյությանը, ցանկացել է վառ ներկայացնել հրաշքը:

«Եթե մենք հավատում ենք, ուրեմն՝ հնարավոր է: Գլխավոր հերոսը` Գոռը, գնում է փնտրելու ընտանիքին, արդյունքում ընտանիքն է նրան գտնում: Հրաշքի մասին է այդ պատմությունը», – ընդգծել է նա:

Հենց ինքը` ռեժիսորը,  հասցրել է վերլուծել «հայկական վիշտը» և հանգել հետևյալ եզրակացության. հայերը տառապում են զուսպ` առանց հույզերը ցույց տալու, բայց շատ խորը։

«Սպիտակ»-ը շուտով կբարձրանա մեծ էկրան: Այն նախատեսվում է ցուցադրել նաև Ռուսաստանում և այլ երկրներում:

Կինոնկարի երաժշտությունը ստեղծել է մեր հայրենակից Սերժ Թանկյանը: 2018 թվականին Մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ֆիլմը ներկայացրեցին Ազգային կինոյի զարգացման, «Եվրիմաժ» հիմնադրամները և «Տելեստո» կինոընկերությունը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *