Ալիևի հետ խոսելուց հետո Փաշինյանը հանձնարարական է տվել հայկական Զինված ուժերին

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ ֆորմալ շփում են ունեցել, որի ընթացքում ձեռք են բերել պայմանավորվածություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին սեպտեմբերի 28–ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից վերադառնալուց հետո ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ իրենց առաջին, ոչ ֆորմալ շփման ընթացքում առարկայական խոսակցություն է եղել, որի արդյունքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են իրենց պաշտպանության նախարարներին հանձնարարական տալ՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու, սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ։

«Ես այս պայմանավորվածության մասին անմիջապես տեղյակ եմ պահել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, և այս պայմանավորվածությունը նրա համար նույնպես ընդունելի է եղել։ Կարող ենք ասել, որ Ղարաբաղ–Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի խախտման դեպքերը կանխելու ուղղությամբ»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ օրը երեկոյան արդեն համապատասխան հրաման է տվել մեր զինված ուժերին։

Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են ստեղծել օպերատիվ կապի կոմունիկացիա և հավատարիմ մնալ բանակցային գործընթացին:

«Առայժմ սա համաձայնություն է, իսկ թե ինչպիսին կլինի այդ կապը, տեխնիկական առումով պայմանավորվածություն չկա, պարզապես համաձայնել ենք հանձնարարել մեր համապատասխան գերատեսչություններին, որ մշակեն այդպիսի համակարգ, որ հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել։ Որովհետև ամեն անգամ այդ բանավեճը լինում է՝ ով սկսեց, ով խախտեց, ով առաջինը կրակեց, և մենք խնդիր ունենք այս կապն ունենալ, որպեսզի եթե մենք իսկապես ուզում ենք, հրադադարի ռեժիմը լիարժեք  պահպանվի, որովհետև կիսահրադադարի ռեժիմն այդքան էլ հասկանալի չէ, պիտի անպայման այդպիսի օպերատիվ կապի կոմունիկացիա ունենանք»,– ասել է Փաշինյանը։

«Ըստ էության արձանագրվել է, որ բանակցություններով պետք է կարգավորվի Արցախի հարցը հուսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որ դրանք արդյունավետ լինեն»,– ասել է Փաշինյանը:

News.tut.am

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *