Այսօր տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը նշվում է որպես տարեցների միջազգային օր: Այս առիթով իր շնորհավորական ուղերձն է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը, և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները:

Ընտանիքներում մեծ դերակատարում ունի տան տարեցը՝ տան կայունության պահապանը: Իսկ տարեցների համար լիարժեք և արժանավայել կյանք ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ՝ առողջության պահպանում, մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածության խթանում, մարդկային շփումներ, հասարակական ակտիվություն:

Այս հիմնահարցերի լուծման ռազմավարական մոտեցումների ամրագրման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայումս իրականացնում է ծրագրեր, որոնք դեռևս բարելավելու կարիք ունեն:

Տարեց մարդիկ մեր երկրի մտավոր և հոգևոր ներուժն են, այն կենսափորձի հարստությունը, որը կուտակվել է բազմադարյա պատմության ընթացքում, և մեր պետության շահերից է բխում հնարավորություն ստեղծել լավագույնս իրացնելու այդ կենսափորձը:

Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են:

Սիրելի ավագ ընկերներ, նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ մշտապես շրջապատված լինեք հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ»:

Նշենք, որ տարեցների միջազգային օրը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1990 թվականի դեկտեմբերի 14-ին: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա նաև ողջ աշխարհում:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *