«Բաքուն շարունակում է ռազմական գործողությունների պատրաստվել». Կարեն Վերանյան

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ոչ պաշտոնական զրույցը  բավական զարմանալի էր` հաշվի առնելով երկու երկրների ներկայիս հարաբերությունները։

Իլհամ Ալիևի հետ ունեցած, ինչպես պարզվեց բավական առարկայական զրույցից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ հրադադարի պահպանման ռեժիմի մասին։ Այդ ամենը նա հաստատեց արդեն Երևանում։

Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների հետ այն մասին, թե որքանով են այդ պայմանավորվածությունները կենսունակ հաշվի առնելով անցյալի հարուստ փորձը։

«Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը տեղի ունեցած զրույցի փաստը դրական է գնահատում։

«Երկու երկրների առաջնորդները պետք է բանակցություններ վարեն, սակայն դրանից առաջ նրանք պետք է անձամբ ճանաչեն միմյանց, շփում հաստատեն։ Մինչ այդ նրանք նման հնարավորություն չեն ունեցել», – ասաց Վերանյանը։

Ինչ վերաբերում է սահմանին խաղաղություն պահպանելու Ադրբեջանի պատրաստակամությանը, ապա այդ մասին Ալիևը, ըստ Վերանյանի, առաջին անգամը չէ, որ հայտարարում է։ Այլ  հարց է, որ նրա հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Ադրբեջանը գրեթե միշտ խախտում է հայկական կողմի և ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այսինքն` հայտարարությունները պետք է որպես ֆորմալ ընկալել», – ասաց Վերանյանը։

Արցախյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը կարող է փոխվել միայն իրավիճակի գնահատման բերումով։ Հայաստանում նոր թիմ է իշխանության եկել։ Բաքուն, Վերանյանի կարծիքով, փորձում է առավելագույն դիվիդենտներ ստանալ`  բաց չթողնելով Հայաստանի նոր իշխանությունների «ընձեռած» ցանկացած հնարավորություն։

Հակամարտության և բանակցությունների վերաբերյալ ռազմավարական տեսանկյունից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտեցումներում շարժ չկա, և հազիվ թե լինի։

Ադրբեջանի ղեկավարությունը սկզբում փորձում է հասկանալ, թե ինչ մոտեցում ունի Հայաստանի նոր կառավարությունը, դրանից հետո տարբեր մանևրումների և ճնշումների միջոցով կփորձի առավելագույն օգուտ քաղել, կարծում է փորձագետը։

Սահմանին սրվածությունը հայկական շահերից չի բխում, քանի որ այն` հաղթած կողմն է։ Իսկ այն, որ Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, մեծացնում է ռազմական բյուջեն, մշտապես ռազմական հայտարարություններ է անում,  ապացուցում է, որ նա պատերազմի է պատրաստվում։

«Նման պայմաններում փոխզիջումների ձևաչափը որևէ երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը վաղը Մեղրիի կամ Երևանի հարց չի բարձրացնի», – ասաց Վերանյանը։

Այդ ամենը հաշվի առնելով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև ուղիղ կապ ստեղծելու առաջարկությունը, իհարկե, նույնպես կարելի է ողջունել, սակայն փորձը ցույց է տվել,  որ դա որևէ լուրջ բանի չի հանգեցնի։

Ավելին, ԵԱՀԿ ՄԽ–ն բազմիցս է փորձել հասնել այն բանին, որ նման կապ ստեղծվի, նվազեցվի լարվածությունն ու կողմերի միջև վստահություն հաստատվի։

«Ադրբեջանը դրան օբյեկտիվորեն պատրաստ չէ», – ասաց Վերանյանը, նշելով, որ Բաքուն շարունակում է ռազմական գործողությունների պատրաստվել։

Այդ պատճառով, բանակցային գործընթացի հետ մեկտեղ, Հայաստանն ու Արցախը երկու սցենարի զարգացմանն էլ պետք է պատրաստ լինեն։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր հերթին նույնպես կարծում է, որ սկզբունքորեն պետք է ողջունել Փաշինյանի և Ալիևի շփումը, եթե նույնիսկ այն «ոտքի վրա» է տեղի ունեցել։ Չէ՞ որ ամենավատ բանակցություններն ավելի լավ են քան դրանց բացակայությունը։

 

Այս պայմաններում զարմանալի է, որ Ալիևը առանց դիվանագիտական պատրաստվածության Փաշինյանի հետ նման համաձայնության է եկել։

«Տեղի ունեցածը չի բխում Ադրբեջանի ներկայիս քաղաքականության տրամաբանությունից։ Ավելին, մտավախություն կա, որ սա Բաքվի հերթական փորձն է օրակարգից հանել Վիեննայի և Մինսկի համաձայնագրերը», – ասաց Սուրենյանցը։

 

News.tut.am

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *