Արտո Թունջբոյաջյանը կժամանի Արցախ՝ մասնակցելու «ARTsakh Fest» փառատոնին

Այս տարվա հոկտեմբերի 5-ից 7-ը Ստեփանակերտում կանցկացվի «ARTsakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնը, որին կմասնակցեն Արցախի, Հայաստանի եւ արտերկրի շուրջ 30 արվեստագետ։ Փառատոնի ծրագիրը ներառում է հետազոտական ցուցահանդես, բացօդյա համերգներ, պերֆորմանսներ, ձայնային արվեստ, տեսանկար, հանրային արվեստ եւ այլն:

 

Նախագիծը մշակվել է Ժամանակակից Արվեստի ինստիտուտի նախագծային լաբորատորիայում։

Փառատոնն անցկացվելու է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, որն այս պահին ոչ բարվոք վիճակում է (վերջին անգամ վերանորոգվել է 38 տարի առաջ)։ Արդեն շուրջ 7 տարի է` այս շենքը ճանաչվել է վթարային, եւ թատրոնի կոլեկտիվը ժամանակավորապես տեղափոխվել է Ստեփանակերտի մշակույթի պալատ

 

«Փառատոնի բուն նպատակն է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման հարցը լսելի դարձնել համայն հայությանը, վերակենդանացնել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը՝ վերադարձնելով վերջինիս կարեւորությունը  համայնքի ձեւավորման եւ զարգացման գործում` արվեստագետների եւ հանդիսատեսի  համար», – նշել է Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայը:

 

Փառատոնում ընդգրկված միջազգային արվեստագետներին ընդգրկելու նպատակն է  ծանոթացնել տեղի մշակույթին եւ փորձի փոխանակություն կատարել:

Փառատոնին մասնակցելու է ճանաչված հայ երգիչ Արտո Թունջբոյաջյանը, ով աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավարն է,«Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակի հիմնադիրը, երաժշտական «ՍերԱրտ» նախագծի համահեղինակը (Սերժ Թանգյանի հետ համատեղ): 2006-ին Armenian Navy Band-ի հետ արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակի։ 2011-ին արժանացել է Գրեմմի մրցանակի։

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *