«Այնթապ 1915. ցեղասպանությունն ու ոճրագործները» թուրք պատմաբանը ցեղասպանության մասին գիրք է հրատարակել

Թուրքիայում գործող «Իլեթիշիմ» հրատարակչությունը լույս է ընծայել Այնթապի հայերի պատմության ուսումնասիրմամբ զբաղվող թուրք պատմաբան Ումիթ Քուրթի նոր՝ «Այնթապ 1915. ցեղասպանությունն ու ոճրագործները» գիրքը:


Գրքի առանձնահատկությունն այն է, որ հեղինակն առանձնացրել ու անդրադարձել է Այնթապի հայերի կոտորածի երեք հիմնական կազմակերպիչներին ու մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել նրանց անցյալը, Հայոց ցեղասպանության մեջ ունեցած դերն ու դրանից հետո Թուրքիայում վարած կյանքը: Այս մասին նշել է «Ակօս» պարբերականը:

Ումիթ Քուրթին հաջողվել է զրուցել Այնթապի հայերի ողբերգության երեք հիմնական ոճրագործներից երկուսի՝ Ալի Ջենանիի ու Մեհմեդ Յասին Սանի Քութլուղի թոռների հետ: Նա նկատում է, որ Քութլուղի թոռը`պարոն Նոյանը, շարունակում է հերքել իր պապի՝ հայերի կոտորածներին ունեցած լուրջ մասնակցության փաստն ու ավելի շատ կենտրոնացել է Թուրքիայի Հանրապետության զարգացման գործում իր պապի ունեցած ներդրումների կամ, ըստ իրեն, հերոսությունների վրա:

Ուշագրավ է, որ Քութլուղի թոռը նաև խնդրել է չձայնագրել գրքի հեղինակի հետ իր խոսակցությունը:

Բոլորովին այլ է եղել զրույցը մյուս ոճրագործի՝ Ալի Ջենանիի թոռան հետ, ով շատ ավելի անկեղծ և անմիջական է եղել և նկատել է, որ հայերին պատկանող գույքի պետական բռնագրավման մեջ իր պապը չէր կարող դեր խաղացած չլինել:

«Այս գիրքը չի փորձում որևէ բան ապացուցել, նման հավակնություններ չունի: Այս գիրքը միայն փորձում է հասկանալ այն մոտիվացիան ու գործընթացները, որոնք ցեղասպանության մասնակից են դարձրել այս երեք կերպարին, որոնք ըստ ձեռքի տակ եղած տվյալների՝ մեղադրվում են նման ոճրագործության համար»,-«Ակօս»-ին տված հարցազրույցում նշում է գրքի հեղինակը:

Քուրթը նաև հակասական է համարել ցեղասպանության ժամանակ հայերին փրկած թուրքերի ու քրդերի կերպարների վերաբերյալ «փրկիչ» պիտակավորումը՝ նշելով, որ հաճախ հասարակական այդ զանգվածները գործում են իրավիճակի, շահի կամ այլ հանգամանքների թելադրանքով: Նա օրինակ է բերել այն փաստը, որ, օրինակ, 1890-ականների կոտորածների ժամանակ հայերին փրկած շատ մահմեդականներ արդեն 1915-ին հայերի գույքը թալանելու առաջամարտիկների շարքերում են եղել:

«Այսպիսով՝ եթե հարցնեք՝ արդյո՞ք կային Այնթապում հայերին փրկողներ՝ այո՛, կային, սակայն նրանց «փրկիչ» անվանելը որքանո՞վ է ճիշտ՝ չգիտեմ», – ասել է թուրք ուսումնասիրողը:

Ավելի վաղ Ումիթ Քուրթն առանձին գրքի տեսքով հրատարակել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ քահանա Ներսես Բաբայանի հիշողությունների օրագիրը:

«Այնթապ 1915-1922» աշխատության մեջ քահանա Բաբայանը պատմում է հայերի անհիմն ձերբակալությունների, հայկական թաղամասերում կազմակերպվող խմբակային հարձակումների, տեղի հայության վերապրած կոտորածների ու բռնի աքսորի մասին:

Գրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ մինչև 1922 թվականն այստեղ ապրած հայ քահանան լույս է սփռում 1918 թվականին Այնթապ վերադարձող հայերի ու քաղաքը ֆրանսիական զորքի կողմից գրավվելուց հետո, ինքնակազմակերպվելով թուրքական բանակի դեմ մղած պայքարի վրա:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *