Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը Ֆրանսիայում-ուղիղ հեռարձակում

Ֆրանսիայում՝ Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը, մեկնարկում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը, հայտնում է lefigaro.fr-ն:


Արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով:

Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ:

Հրաժեշտի արարողությանը Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամների հետ միասին ներկա է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաղորդվում է, որ նա ելույթ է ունենալու արարողությանը: Ներկա են լինելու նաև ՀՀ նախագահն ու իր տիկինը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրաժեշտի արարողությանը ներկա է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Սպասվում է, որ ավելի քան 2000 մարդ կհավաքվի հուշահամալիրի բակում երգչին հրաժեշտ տալու համար: Արդեն ժամանել են երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը:

Ազնավուրի մարմինը դուրս կբերվի համալիրի բակից Ազնավուրի հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կատարման ներքո:

Ավելի վաղ հաղորդվել է, որ բանակցություններից հետո Ազնավուրի ընտանիքն ի վերջո համաձայնել է, որ հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպվի:

Բազմաթիվ քաղաքական գործիչներ ավելի վաղ կոչ են արել Ազնավուրի պատվին հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպել, այդ թվում՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսեզ Նիսենը և նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *