Ժան Անդրյան 1926-1989

Ժան Անդրյանը ծնվել է 1926թ.՝ գյուղական մտավորականի ընտանիքում։

1952թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Համակուրսեցիների (ներկայումս՝ հայտնի պրոֆեսորներ) վկայությամբ, գրադարանում չկար մի գիրք, որ նա ընթերցած չլիներ։ Նրան առաջարկել էին մնալ ամբիոնում, բայց  գերադասել է վերադառնալ հայրենիք։ Ստեփանակերտում նրան առաջարկել են գլխավորել «Սովետական Ղարաբաղ» թերթի  մշակույթի բաժինը, և նա 20 տարի անընդմեջ ոչ միայն լուսաբանում էր երկրամասի մշակութային կյանքը, այլև բացահայտում շնորհալի մարդկանց, օգնում նրանց՝ ինքնահաստատվելու։

Նրա հոդվածները նոր ուղղվածություն էին տալիս թերթին, հնչեցնում մարզում առկա մշակութային հիմնախնդիրները, ինչը նպաստեց այդ ոլորտի հետագա զարգացմանը։

1950թ. սկզբներին թերթի էջերում հայտնվել է Ժան Անդրյանի անունը: Շատ հարցեր ստանում էին իրենց լուծումները։  Նա հանդես էր գալիս նոր գրքերի և թատերական ներկայացումների գրախոսություններով։ Եվ հենց առաջին իսկ  հոդվածներից պարզ դարձավ, որ  ի դեմս նրա երկրամասն ունի խելացի և հասուն գրականագետ։ Տարիներ անց նրա ելույթները ցանկալի պահանջմունք էին դարձել Արցախի  բոլոր գրողների համար, որովետև նրա մտքերը կենսական էին, հոդվածների վերլուծությունները՝ արհեստավարժ։ «…Եթե վեպ են գրել, Ժանը պետք է ասեր իր ծանրակշիռ խոսքը, պոեմ են տպագրել, պետք է բնութագիր տար Ժանը, նոր պիես են բեմադրել, թատերական քննադատը նա պետք է լինի», – գրել է Ս. Խանյանը:

Ժ. Անդրյանի գործունեության վառ արդյունքներից մեկը թվով երրորդ (թատրոնից եւ ԼՂԻՄ երգի-պարի համույթից հետո) գեղարվեստական կոլեկտիվի՝«Ղարաբաղ» պետական էստրադային համույթի ստեղծմանը աջակցելն էր, համույթ, որը Ժան  Անդրյանի մտահղացմամբ պետք է կոչվեր «Արցախ»։ Բնականաբար, նման «լկտիություն» Բաքուն թույլ տալ չէր կարող. համույթի փառքն ու նրա անգերազանցելի գեղարվեստական ղեկավարին՝ պրոֆեսիոնալ երաժիշտ եւ հրաշալի մարդ Հենրիխ Բարխուդարյանին նույնպես Բաքուն «տանել» չէր կարող (քրեական գործ հարուցեցին, ղեկավարին ձերբակալեցին և խումբը ցրեցին)։

Անդրյանի մյուս  սխրագործությունը եղավ հայկական մշակույթի հուշարձանների պահպանության գործը։

Կուսակցության մարզկոմի բյուրոյի և մարզգործկոմի համատեղ նիստում ոչ միայն ընդգրկեցին պետության կողմից պահպանվող ճարտարապետական հուշարձանների ցանկը, այլև հատուկ որոշում ընդունեցին Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման մասին։ Եվ ահա ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչ Բ.Կևորկովը Բաքվի  ղեկավարությամբ սկսում է Ժան Անդրյանին ասպարեզից վերացնելու գործողությունը։  Դա նրան   չվախեցրեց. վստահ էր, որ իր գործն արդար է։ Կուսակցության ԼՂ մարզկոմի պլենումում (1971թ. դեկտեմբերի 3) Ժան Անդրյանը հնչեցրեց Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման հարցը, որն Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հանել էր Շուշի քաղաքի՝ պետության պահպանության ներքո գտնվող ճարտարապետական հուշարձանների ցուցակից։

«Ես պարզ ու հստակ ասացի, որ մեր մարզի գաղափարախոսական աշխատանքում պետք է մեծ ուշադրություն հատկացվի մարդկանց ինտերնացիոնալ դաստիարակությանը։ Երբեմն անգամ փոքր հարցերի ոչ ճիշտ լուծումները պատճառ են դառնում մեծ հարցերի առաջացման համար։ Ահա մի վառ օրինակ. Ադրբեջանի ԽՍՀ մշակույթի նախարարությունը Շուշիի՝ պետության կողմից վերահսկվող ճարտարապետական հուշարձանների ցանկից հանեց Ղազանչեցոց եկեղեցին, այսինքն՝ թողեց բոլոր ադրբեջանական հուշարձանները և հանեց միակ հայկական հուշարձանը», – գրել է Ժան Անդրյանը ԽՄԿԿ ԿԿ-ին ուղարկած նամակում:

«Ես հորս և նրա ընկերների զրույցից հիշում եմ, թե նա ինչպիսի հումորով էր պատմում կուսակցության մարզկոմի պլենումի մասին, որտեղ նրան փորձում էին անկյուն քշել՝ Ղազանչեցոց եկեղեցին հուշարձանների ցուցակում ընդգրկելու հետ կապպած։  Փորձում էին իբր անվիճելի փաստարկ բերել. «Ձեր եկեղեցիներում դաշնակցական գաղափարներ են քարոզում»։ Դրան ի պատասխան՝ հայրիկը հանգիստ ասաց. «Իսկ ձեզ մոտ մարքսիզմ-լենինի՞զմ են քարոզում»», – ասել է Կարինեն:

Ժան Անդրյանը միաժամանակ դասավանդում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ Ականատեսների վկայությամբ՝ նրա դասախոսություններն ունկնդրելու էին գալիս տարբեր կուրսերից, անկախ նրանից՝  անցնում էին այդ առարկան, թե ոչ։ Ըստ երևույթին, նման փառքը հաճելի չէր կևորկովների համար։ Նրան հեռացրին աշխատանքից. և՛ գրադարանից, և՛ ինստիտուտից։ Գիտությունների թեկնածուին հնարավորություն տվեցին աշխատել ընդամենը դպրոցում, այն էլ՝ մի քանի ժամ։ Մի խոսքով, անում էին ամեն ինչ, որպեսզի Ժան Անդրյանն ապրի Ղարաբաղից դուրս։ Նա մեկնում է Երևան, սակայն չի հանձնվում։ Նամակներ է գրում ԽՄԿԿ Կենտկոմ, հեռագրեր ուղարկում՝ միայն մեկ նպատակով՝ վերականգնել արդարությունը։ Երկրորդ անգամ Մոսկվա գնալուց հետո նա վերադառնում է Ղարաբաղ:

 

Այդ ապրումներն անհետևանք չմնացին։ Մի քանի տարվա ընթացքում նա սրտի մի քանի կաթված է ստանում, և 1989թ. Ժան Անդրյանը մահանում է:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *