Արոնյանի կինը պատմել է Թուրքիայում իր հետ տեղի ունեցած վտանգավոր դեպքեր մասին

Հայտնի շախմատիստ, Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին ֆեյսբուքում տեսանյութ ու գրառում է կատարել, որում պատմել է Թուրքիայում իր հետ տեղի ունեցած վտանգավոր դեպքերի մասին։

«Ես տվեցի իմ շապիկը Գարեգինին։ Խնդրեցի, որ պահի իր մոտ, մինչև այն ինձ պետք լինի։ Երբ անցնում էինք սահմանային անցակետով, նրանք 3 անգամ խուզարկեցին Գարեգինին ու գտան շապիկը նրա մոտ։ Հարցրեցին` սա ի՞նչ է։ Այստեղ բացի թուրքական դրոշից այլ բան չի կարող լինել։ Նրանք հիմնականում զայրացան այդ շապիկի վրա»,– պատմել է Արիանա Կաոիլին` ներկայացնելով, իր` Հայաստանի դրոշի գույներով ու «Հայաստան» գրությամբ շապիկի շուրջ թուրքական իշխանությունների հետ ունեցած խնդիրները։

Նա նշում է, որ վտանգից խուսափելու համար ստիպված է եղել այդ շապիկը կրել միայն ցուրտ օրերին, այն էլ` անձրևանոցի տակ, որպեսզի չերևա։

«Մի քանի կիլոմետր անց մենք տեսանք գյուղին մոտեցող տանկեր։ Արդեն մթնում էր, որոշեցինք մնալ այդտեղ գիշերելու, քանի որ ճանապարհը վտանգավոր էր։ Տեղաբնակները մեզ զգուշացրեցին, որ թուրք ոստիկաններն իրենց հարցրել են հայ հեծանվորդների մասին։ Ոչ ոք չէր ուզում մեզ օգնել, գիշերակացի տեղ չէին տալիս»,– ասել է նա։

Իսկ մեկը, ով համաձայնել է իրենց տեղ տալ, զգուշացրել է` ձեզ հետ կարող է ինչ-որ բան կատարվել։

«Եվ այդ ամենը միայն մի եռագույն շապիկի պատճառով։ Եվ Թուրքիան դեռ ուզում է ԵՄ–ին անդամակցել։ Ես խոսքեր չունեմ»,– եզրափակել է Արիանա Կաոիլին։

Նա նաև խոստովանում է, որ այդ ամենի մասին կարողացել է պատմել միայն Իրանի սահմանը հատելուց հետո` Բինգյոլից 20 կմ հեռավորության վրա` Գենչում:

Արիանան խոստովանում է, որ հեծանվաարշավից հետո հոգեբանորեն սպառված է և շատ հոգնած:

Նշենք, որ հեծանվաարշավի նպատակը «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» համար դրամահավաք իրականացնելն էր: Միջոցներն օգտագործվելու էին գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար։

News.tut.am

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *