ConiFA-ն ֆուտբոլի 2019թ. Եվրոպայի առաջնությունը կանցկացնի Արցախում

Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնությունը (ConiFA) 2019թ.-ի հունիսի 4-15-ին կայանալիք եվրոպայի առաջնությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջնության պատշաճ կազմակերպման համար Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անցկացվել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են պետական տարբեր գերատեսչությունների և ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները:

Իր խոսքում պետնախարարը ողջունել է ConiFA-ի որոշումը և նշել, որ անհրաժեշտ է ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի մրցաշարն անցկացվի բարձր մակարդակով: Այդ կապակցությամբ նախ ներկայացվել են առաջնության պահանջներն ու խնդիրները, որից հետո խորհրդակցության մասնակիցները հայտնել են իրենց կարծիքներն ու առաջարկները: Մասնավորապես նշվել է, որ սահմանված ժամկետներում պետք է մայրաքաղաքի և շրջանների ֆուտբոլի այն մարզադաշտերը, որտեղ նախատեսված է խաղերի անցկացումը, համապատասխանեցվեն պահանջվող չափանիշներին: Քննարկվել են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, առաջնության լայն լուսաբանման, մշակութային ծրագրերի կազմակերպման և կազմակերպչական բնույթի այլ հարցեր:

«Անհրաժեշտ է հստակեցնենք առաջնությանը մասնակից բոլոր հավաքականների ու երկրպագուների ընդունմանը, նրանց համար հաճելի միջավայրի ստեղծմանը վերաբերող բոլոր հարցերը: Այդ խոշոր միջոցառումը պետք է վերածենք ֆուտբոլային իսկական  տոնի, որպեսզի հայ հանդիսատեսն այն լիարժեք վայելի», – ասել է Գ. Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև առաջնության կազմակերպմանը վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *