Միջնավանում աշակերտները մի քանի օր դասի չեն գնացել

Հոկտեմբերի 10-ին Արտակ Բեգլարյանն ու Տիգրան Աբրահամյանը այցելել են Արցախի հարավային բնակավայրերից մեկի՝ Միջնավան քաղաքի դպրոց՝ տեղում ուսումնասիրելու նախորդ օրը ՄԻՊ աշխատակազմ ներկայացված բողոքները, քանի որ ահազանգ կար, որ մի խումբ աշակերտներ դասի չեն գնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արտակ Բեգլարյանը:

«Հոկտեմբերի 8-ին և 9-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բանավոր բողոքներ է ստացել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի միջնակարգ դպրոցի որոշ աշակերտների ծնողներից ու աշխատակիցներից՝ վերջին օրերին դպրոցում լարված իրավիճակի մասին, ինչի հետևանքով զգալի թվով ծնողներ իրենց երեխաներին չեն ուղարկել ուսումնական պարապմունքներին»,- նշված է Artsakh Ombudsman ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ բանավոր բողոքների հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքը քննարկման ընդունելու մասին: Իսկ հոկտեմբերի 10-ին ՄԻՊ հաստատության ներկայացուցիչները մեկնել են Միջնավան՝ տեղում համակողմանիորեն ուսումնասիրելու խնդիրը: Նրանք առանձնազրույցներ են ունեցել մի խումբ աշակերտների, ծնողների, մանկավարժական կազմի և տնօրենի հետ:

«Առանձնազրույցների և դիտարկման այլ աշխատանքների ընթացքում արձանագրվել են երեխայի իրավունքներին վերաբերող մի շարք բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՄԻՊ աշխատակազմը շեշտադրում է հետևյալ դրույթները՝

1. Անթույլատրելի են երեխաների հանդեպ վատ ու խտրական վերաբերմունքի, բռնության կիրառման, անհամաչափ սահմանափակման և երեխայի մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի այլ դեպքերը, որոնք վնասում են թե՛ երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը, թե՛ կրթության իրավունքի ամբողջական և արդյունավետ իրացմանը:

2. Պետությունը, որպես պոզիտիվ պարտականություն, պարտավոր է դպրոցում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների իրավունքների պաշտպանության և փոխհարգանքի հիման վրա ձևավորված դաստիարակության ապահովման համար: Այդ ճանապարհին էական հանգամանք է տնօրինության, ուսուցիչների և այլ աշխատակիցների միջև պատշաճ փոխհարաբերությունների առկայությունը՝ բացառելով հատկապես երեխաների ներկայությամբ կոնֆլիկտային իրավիճակների ձևավորումն ու ուսուցչի արժանապատվության ոտնահարումը: Երեխաների լավագույն շահից է բխում, որ հատկապես դպրոցի ներսում ուսուցիչներն իրենց բարձր առաքելությանը համապատասխան վարք դրսևորեն և արժանանան հարգալից վերաբերմունքի:
3. Ծնողները, որպես երեխաների լավագույն շահի առաջնային ներկայացուցիչ և պատասխանատու, պետք է զերծ մնան երեխաների իրավունքների անհամաչափ սահմանափակումից՝ որպես այլոց հանդեպ բողոքի դրսևորման նշան: Այդպիսի դեպքերում կարևոր է առաջնահերթ ուշադրության ներքո պահել երեխաների շահերը և հաշվի առնել նրանց կարծիքները՝ իրենց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:

4. Ողջունելի է այն հանգամանքը, որ պետական կառավարման լիազորված» մարմինների միջամտության արդյունքում հոկտեմբերի 10-ին դպրոցում վերականգնվել է բնականոն դասապրոցեսը, ինչպես նաև արդեն միջոցներ են ձեռնարկվում երեխաների իրավունքների պաշտպանությունը խոչընդոտող պատճառների վերացման ուղղությամբ:

5. ՄԻՊ աշխատակազմը համապատասխան գրություններ է հղելու Միջնավանի դպրոցի կառավարում և վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմիններին՝ պահանջելով պարզաբանումներ արձանագրված բողոքների վերաբերյալ և ներկայացնելով ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկներ:

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *