«Ադրբեջանի գլխավոր մտահոգությունը Արցախն իր բնակիչներից մաքրելն է». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ի լրագրողի հետ հարցազրույցում
անդրադարձել է վերջերս Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ խոսակցությանը:

«Այն, ինչը ես պարոն Ալիեւի հետ քննարկել եմ, արցախյան հակամարտության լուծում չէ, այլ այն, թե ինչպիսի իրադրություն է պետք է ստեղծել, որ խաղաղ բանակցությունների հնարավորություն լինի»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ «անհնար է լուծման մասին խոսել՝ չունենալով դրան հասնելու համար անհրաժեշտ պայմանները»:

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և որ Հայաստանը երբեք բանակցային ձևաչափի փոփոխության խնդիր չի առաջադրել:

Իսկ ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, Փաշինյանը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե չի ցանկանում խոսել Արցախի հետ:  «Ղարաբաղն ինչպե՞ս կարող է Ադրբեջանի իշխանության տակ լինել, եթե Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդի հետ նույնիսկ խոսել չի ցանկանում»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ուզում է ստանալ Արցախի միայն հողը` առանց ժողովրդի: «Նրանց գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է»,- ասել է Փաշինյանը:

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *