Կհաջողվի՞ արդյոք հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին

Հոկտեմբերի 12-ին Տաշքենդում տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գրել է «Նեզավիսիմայա Գազետա» թերթի սյունակագիր Վլադիմիր Մուխինը «Շոյգուն պատրաստ է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին» խորագրով հոդվածում: Հոդվածագիրը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախաձեռնությամբ պաշտպանության նախարարները ոչ պաշտոնական միջավայրում մտադիր են քննարկել նախկին ԽՍՀՄ տարածքում սառեցված հակամարտությունների հավաքական լուծման տարբերակները:

«Պատահական չէ, որ Դուշանբեի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվեցին պաշտպանության նախարարներին հրահանգել հստակ քայլեր ձեռնարկել՝ ղարաբաղյան հակամարտության շփման գծում, ինչպես նաև պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու համար… Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումը հնարավոր է արագ և արդյունավետ կազմակերպել երկու երկրների ռազմական կառույցների միջոցով՝ ՌԴ Պաշտպանության նախարարության մասնակցությամբ: Եվ ըստ ամենայնի, այս հարցը կքննարկվի Տաշքենդում»,-գրելէ հոդվածագիրը՝ հավելելով, որ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց, այդ թվում՝ մինչեւ 2022 թվականը միասնական ռազմական կապի ստեղծման մասին:

Նշվում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման կապ, օրինակ` Երևանի և Մոսկվայի միջև, վաղուց արդեն գործում է: Ռուսաստանը և Ադրբեջանը՝ որպես ռազմական համագործակցության ոլորտի գործընկերներ, ևս ունեն հուսալի ռազմական կապի ալիքներ: Ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը հավատացած է, ո ր Մոսկվայի միջոցով Փաշինյանը և Ալիևը կարող են շփվել առանց խնդիրների:

«Մոլդովացի և ռուս խաղաղապահներն ապահովում են կայունություն Մերձդնեստրում: Նման կերպ կարելի է ապահովել նաև կայունություն Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի արևելքում: Այստեղ կարող են պետք գալ ռուս խաղաղապահներ և կապույտ սաղավարտներ ԱՊՀ այլ պետություններից: Գաղափարը նոր չէ: Բայց այն պետք է իրագործեն քաղաքական գործիչները բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Նետկաչևը:

Ռազմական փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Սոչիում սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Իսկ ՌԴ նախագահն իր հերթին հայտարարել է, որ «որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը կշարունակի բոլոր հնարավոր միջոցներով աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Չի բացառվում, որ այս գործընթացում ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպում նախաձեռնի:

News.tut.am

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *