Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Հոկտեմբերի 11-ին  «Ազնավուր» կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը: Այս պայքարը Ֆրանսիայի պայքարն է։

«Ո՛չ, այս պայքարը չի ավարտվի, որովհետեւ հիշել ցեղասպանությունների մասին՝ դատապարտելով դրանց ժխտողականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարեմ մինչև առաջիկա ապրիլի 24–ը, Ֆրանսիայում այս օրը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր», – ասել է Մակրոնը:

«Շառլ Ազնավուրի հետ պետք է աշխատեինք այսօր, այստեղ: Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը։ Այս մասին մենք խոսել ենք մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ցանկանում էր, որ դա լիներ այս երկրում, այս լեզվով, այստեղ իր ընտանիքի հետ։

Իր սովորության համաձայն՝ նա ոչինչ չէր թողել պատահականությանը։ Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։ Իր սովորության համաձայն նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ ասել էր, թե կցանկանար, որ մենք մի քիչ երգեինք։

Անցնող շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում։ Մենք նրան շնորհակալություն հայտնեցինք։ Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան մեր տված խոստմանը, իր պայքարները շարունակելու համար, որոնք նա երբեք տանուլ չէր տալիս»։

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *