Վիգեն Սուրենի Հայրապետյան (Վիգեն Սուրենովիչ) 1933- 2012

Ծնվել է 1933թ. Ստեփանակերտ քաղաքում, մանկավարժի ընտանիքում: Վիգեն Հայրապետյանի ծնողները նույնպես հայտնի մանկավարժներ էին: Հայրը` Սուրեն Հայրապետյանը ծննդով՝ հանրապետության վաստակավոր մանկավարժ էր, 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ, յուր ժամանակին գլխավորել է Արցախի կրթական համակարգը: Մայրը` Ասյա Հայրապետյանը, (արմատներով՝ Ավետարանոց գյուղից) դարձյալ հանրապետության վաստակավոր մանկավարժ էր,  տարրական դասարանների ուսուցիչ  Ստեփանակերտի հ. 2 և 7 դպրոցներում:

Ավարտել է հ. 3 միջնակարգ դպրոցը,  այնուհետև Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը: Մանկավարժական գործունեություն է ծավալել Շուշիի, Ստեփանակերտի երեկոյան, հ. 8 դպրոցներում, եղել նաև վերջինիս տնօրենը: 1984թ. նշանակվել է  կրթության Ստեփանակերտի քաղաքային բաժնի, 1986-ին` ԼՂԻՄ մարզժողկրթբաժնի վարիչ: Հետագայում արժանացել «20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ» կոչմանը: 1993թ. անցել է թոշակի:  Նախագահել է 1988-ի փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի հայտնի նստաշրջանը:

Վիգեն Սուրենովիչը (այդպես էին  նրան դիմում ծանոթ-անծանոթները) ինքն էլ մանկավարժական ընտանիք է կազմել. կինը` Զառա Հայրապետյանը , հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և  դաստիարակ  է աշխատել հ. 5 և 10 դպրոցներում: Երկու զավակներից դուստրը` Նաիրա Նաջարյանը, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի փոխտնօրենն է: Քույրը` Սվետլանա Հայրապետյանը, այժմ` թոշակառու, մաթեմատիկա է դասավանդել Ստեփանակերտի դպրոցներում:

Նրա ամենամեծ զենքը բարությունն էր: Երբեք որևէ մեկի վրա ձայնը չէր բարձրացնի,  այնպես  նրբանկատորեն նկատողություն կաներ,  որ դիմացինն ամաչելուց  այլևս նույն սխալը չէր կրկնի:

«Ինձ համար շատ դժվար էր նրա աղջիկը լինելը, հանկարծ մի այնպիսի բան չանեի, որ մարդիկ ասեին` մի՞թե սա է Վիգեն Սուրենովիչի աղջիկը»,- ասել է Նաիրան:

Պատասխանատվության զգացումը նրա բնավորության առաջին հատկանիշն էր, ուրիշներին աջակցելը` ապրելակերպ:  Երբ դուստրը ընտանեկան հոգսերից հոգնած մեկ-մեկ  տրտնջում էր, հոր պատասխանն այս էր լինում.

«Մի՞թե ուրախ չես, որ Աստված այնքան շնորհներ է տվել քեզ, որ կարողանաս ծառայել ընտանիքիդ»:

Այնտեղ, որտեղ նա  լինում էր, խաղաղություն էր տիրում: Պարտքի ու պատասխանատվության մեծ զգացումը երեխաները նրանից սովորել են մանկուց: Նաև ուրախ մարդ էր, հումորով, հյուրասեր: Նրանց տանն անպակաս էին հյուրերը:  Ինչքան էլ զբաղված լիներ, անձամբ էր ստուգում զավակների դասերը, անգամ` երաժշտական: Գիտեր երաժշտական տարբեր գործիքների վրա  նվագել: Իսկ երեկոյան նրանց հետ ժամանցն ապահովում էր` դաշնամուր, ակորդեոն կամ կլարնետ նվագելով:

Թոշակի անցնելուց հետո էլ Վ. Հայրապետյանը կապը չխզեց կրթական համակարգի հետ: Ոչ  միայն դստեր կամ ուրիշ դպրոցներից ստացած հրավերներով էր այցելում հանրակրթարաններ, այլև համակարգի պատասխանատուների կողմից  ներգրավված էր ոլորտի տարբեր հարցերի լուծման մեջ:

2010թ. արժանացել է «Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի» կոչման:

Վ. Հայրապետյանը չէր սիրում աղմկոտ միջոցառումներ: Միայն մի անգամ ավանդույթը խախտեց, երբ թոռնուհին պիտի ամուսնանար: Դուստրն  ասում է, որ պայմանավորվել էին հարսանիքը նեղ շրջանակում անել, նույնիսկ օրը որոշված էր: Ստիպեց օրը փոխել, մեծ, շքեղ հարսանիք անել: Կանչել էր նաև իր բոլոր ընկերներին:  Վատառողջ էր, հարսանիքի ժամանակ բոլորը գալիս, հերթով նրա հետ բաժակ էին զարկում:

«Հիմա եմ հասկանում, որ նա հրաժեշտ էր տալիս բոլորին: Հարսանիքից վեց օր հետո մահացավ: Կյանքից հեռացավ  հանգիստ, ինչպես ապրել էր, առանց որևէ մեկին անհանգստացնելու»:

 

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *