Ղահրամանյան Էդուարդ Ասծատուրի 1929-2010

Ծնվել է 1929թ. հոկտեմբերի 17-ին Աստղաշեն (Դաշպուլաղ) գյուղում: Ծնողները Մեծ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից առաջ և հետո զբաղվում էին գյուղատնտեսությամբ:

1936թ. ընդունվել է Աստղաշենի 7-ամյա դպրոցը և 1943-44 թթ. ավարտել 7-րդ դասարանը: Նույն տարում ընդունվել է Ստեփանակերտի բժշկական տեխնիկոմը, որը ավարտել է 1947թ.:

Ավարտելուց հետո աշխատել է Ստեփանակերտի առողջապահական համակարգում:1950թ. նա զորակոչվել է խորհրդային բանակ: 1953 թ. ավարտել է ռազմական ծառայությունը և ընդունվել  Ստալինգրադի բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1959 թ.: 1953թ. դարձել է ԽՄԿԿ-ի անդամ:

1959-1961թթ. եղել է Ստեփանակերտի շրջանային առողջապահության վարչության պետ: 1965թ. Ղահրամանյանին տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ և նշանակել շրջանային հիվանդանոցա-պոլիկլինիկական միավորման գլխավոր բժիշկ:

 

«Աշխատում էր մեծ պատասխանատվությամբ, նույնիսկ չէր կարողանում ընտանիքին անհրաժեշտ ուշադրություն հատկացնել: Որպես բուժաշխատող հասկանում էի նրան և աշխատանքիս զուգահեռ կրում նաև առտնին հոգսերը»,- պատմել է կինը` տիկին Զինան:

Ունեն երեք երեխա` Արմենը, Արսենը և Լիլիան:

«Առավոտյան վազելով մեկին մանկապարտեզ էի տանում, մյուսին թողնում` մայրիկիս մոտ, մյուսին դպրոց ուղեկցում և շտապում թռուցկաժողովին, որ վարում էր գլխավոր բժիշկը նույն ինքը` ամուսինս, որ ուշացում չէր հանդուրժում», – ասել է տիկին Զինան:

Նա ճանաչված էր իր մասնագիտական պատրաստվածությամբ ու մարդկային դրական որակներով:

Ղահրամանյանը ընդդիմացել էր ուսումնարանը փակելու և Շուշիում ադրբեջաներեն ուսուցմամբ նմանատիպ ուսումնական հաստատություն բացելու` Ադրբեջանի առողջապահության նախարարության առաջարկությանը: Նա հրաժարվել էր նաև Ստեփանակերտի ուսումնարանում կատարել ադրբեջանական խմբի ընդունելություն` պատճառաբանելով մասնագետների բացակայությունը:

Մի խումբ մտավորականների հետ նրա հարցը նույնպես քննարկման նյութ դարձավ կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստում:

Աշխատանքը շարունակել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում: Մարզում ստեղծված մթնոլորտը հեղձուցիչ էր, բայց Ղահրամանյանի մտքով անգամ չէր անցնում լքել ծննդավայրը:

Հետագայում` Արցախյան պատերազմի տարիներին, երբ քաղաքը ռմբակոծվում էր, թեկուզ ժամանակավորապես երկրից դուրս ապահով անկյուն չփնտրեց: Նույնիսկ կրակոցների տակ ոտքով քաղաքի մի ծայրից մյուսն էր հասնում մարդկանց օգնելու համար:

Արցախցիները Էդուարդ Ղահրամանյանին ճանաչում են որպես հմուտ ու փորձված նյարդաբանի, ով աշխատանքային երկար տարիների ընթացքում ամոքել է հարյուրավոր մարդկանց ցավը:

Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան», «Աշխատանքի արիություն» մեդալներով, առողջապահության նախարարության պատվոգրերով:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *