«Չոգևորվեք ոչ մեկդ, 20 տարի թալանել եք բանակը…». Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանի հայտարարությունը քննադատողներին

Սասուն Միքայելյանը ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, բայց ես չեմ հասկանում ոմանց ոգևորությունը նրա հայտարարության կապակցությամբ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձևակերպում է արել և ինքն էլ ուղղեց իրեն՝ ասելով, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով, և ոչ թե հակառակը: Այս ճշգրտումներից հետո չեմ հասկանում՝ ինչու են ոմանք առանձնապես ոգևորվել: Ես զարմանում եմ ոմանց հայտարարության վրա, ովքեր տարիներ շարունակ բերանները ջուր առած հետևել են, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին: Զինվորի բաժինը գողացողների հետ ընկերակից և մասնակից են եղել: Հիմա որոշել են վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական միավորներ հավաքեն: Թույլ չեմ տալու ձեզ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ այսօր Թալինում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ զինվորից գողացվածները պետք է հետ բերվեն, և զինվորից գողություն անողները չեն ներվելու:

«Իրենց թվում է, թե հարմար առիթ է ոգևորվելու համար: Չոգևորվեք ոչ մեկդ, հանգիստ նստեք տեղներդ և սպասեք, որ այն, ինչը մենք անում ենք, իրականություն դառնա:

Եվ չստիպեք, որպեսզի մենք այդ թեմաներով ավելի բաց խոսենք: 20 տարի թալանել եք բանակը, ոչ մի բան տեղի չէր ունենում, և հույս ունեք, որ շարունակելո՞ւ եք, հույս չունենաք: Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին մանիպուլյացիաների ենթարկեն: Թալանչիների ժամանակն անցել է»,- ասել է նա:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *